Arthur.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից: Օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները: Օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
Կարող եք կարդալ նաև ՊԵԿ նախագահի 20.05.2011թ. «Անշարժ գույքի հետ կապված իրավունքները գրանցված չլինելու պայմաններում այդ գույքի հետ կապված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով հաշվարկների կատարման կարգի մասին» N24 պաշտոնական պարզաբանումը: