Gegham Bagrazyan.
2022թ-ի հունիսի 15-ից ՀՈԱԿԸ-ի շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, և դառնում է ԱԱՀ վճարող: Կարո՞ղ եք ասել՝ բացի ԱԱՀ-ի հաշվետվությունից ի՞նչ միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ոչ, եթե մենք ակցիզի հետ գործ չունենք, և խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ի հաշվետվությունների հանձնելու ժամանակաշրջանը և շեմը։
հ.59 2. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.
1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը.
2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ սույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը.
3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե սույն մասում նշված հարկ վճարողի՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցում է մինչև հայտարարությունում նշված օրը, ապա սույն մասում նշված հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում):
Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով:
Միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացնեք, սակայն լրացնելու եք միայն ԱԱՀ մասով, և ԱԱՀ-ի հաշվետվությունները հանձնվում են ամսեկան, հանձնելու եք 115 մլն շեմը գերազանցող մասի հաշվով։
115 մլն շեմը գերազանցող մասի համար ամսական կտրվածքով պետք է ներկայացնեք ,,Միասնական հաշվարկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի,, ձև N260-ը՝ լրացնելով հաշվետվության միայն ԱԱՀ-ի մասը:
ԱԱՀ-ի հաշվետվություն առանձին չկա, Կա միայն միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվարկ, որի միայն ԱԱՀ մասն եք լրացնում։