Լիան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում.
1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։
3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։
4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։
1․Այո, արձակուրդայինը ևս եկամտի տեսակ է ։
2․ Միայն եկամտային հարկ։
3․ Նոր փոփոխությունների համաձայն առաջին 5 օրը գործատուի հաշվին է վճարվում։
4․ Նպաստը ըստ վճարման է հաշվառվում, այսինքն, բյուլետենի ներկայացման պահին հաշվարկվում և վճարվում է ներկայացնելուց հետո մոտակա աշխատավարձի հետ։
1. Բյուլետենի դեպքում՝ այո, այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվում միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Պահվում է եկամտային հարկ:
3. Արդեն՝ այո, հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում՝ 20.06.2021-ից։ Առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հաշվարկվում և վճարվում է միանգամից 14 աշխատաքային օրվա համար:
5. Ներկայացվում է հոկտեմբերի եկամտայինի հաշվարկով:
1. Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
Եկամուտ են համարվում օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
2. Անաշխատունակության նպաստը հարկվում է միայն եկամտային հարկով, և հարկվում է հաշվարկի վերջում, ոչ թե միջին ամսական աշխատավարձի 80 %-ից։
3. Այո, համաձայն օրենքում նոր փոփոխությունների` այսուհետ հաշվարկը կատարվում է անաշխատունակության թերթիկի բոլոր աշխատանքային օրերի համար։
4. Անաշխատունակության նպաստը հաշվարկվում է, երբ ներկայացվում է անաշխատունակության թերթիկը, և հաշվարկվում ու վճարվում է ամբողջությամբ և մեկ անգամ։ Հիշեցնեմ նաև, որ կիրառվում է դրամարկղային մեթոդը, որ ամսին վճարում եք, այդ ամսվա եկամտային հարկի հաշվարկում էլ արտացոլվում է։
Շնորհակալ եմ պատասխանների համար, մի հարց ևս։ Հոկտեմբերի աշխատավարձը հաշվարկելիս սեպտեմբերի համար ստացված աշխատավարձի և հիվանդաթերթիկի գումարը ներառվու՞մ է արդյոք միջին աշխատավարձի հաշվարկում։
Եթե հիվանդաթերթիկի օրերը 2 ամսվա մեջ էլ կան, ապա այդ ամիսների գումարները արձակուրդի միջինի հաշվարկին չեն մասնակցում:
1. Այո, արձակուրդայինը աշխատավարձին հավասարեցված եկամուտ է, ուստի այն ներառվում է հաշվարկի մեջ։
2. Եկամտային հարկ գանձվում է, իսկ դրոշմանիշային վճար ու սոց. վճար չի գանձվում։
3. Հիվանդաթերթիկի առաջին օրվա համար չի վճարվում, հինգ օրերի համար վճարում է գործատուն, մնացած օրերի համար պետությունը։ 4. Սեպտեմբեր ամսվա օրերը ներառվում են սեպտեմբերի հաշվարկում, իսկ հոկտեմբեր ամսվանը’ հոկտեմբերին: