Ի՞նչ հարկեր են գործում Հայաստանում
Հարկերը Հայաստանում բաժանվում են երկու խմբի՝ պետական հարկեր և տեղական հարկեր։
Պետական հարկերն են․
- Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)
- Ակցիզային հարկը
- Շահութահարկը
- Եկամտային հարկը
- Բնապահպանական հարկը
- Ճանապարհային հարկը
- Շրջանառության հարկը
Տեղական հարկերն են․
- Անշարժ գույքի հարկը
- Փոխադրամիջոցների գույքահարկը
Հարկերը Հայաստանում – հարկման համակարգեր
Հայաստանի Հանրապետությունում գործում են 2 տեսակի հարկման համակարգեր՝ հարկման ընդհանուր համակարգ և հարկման հատուկ համակարգեր։
Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։
Հարկման հատուկ համակարգերն են միկրոձեռնարկատիրությունը և շրջանառության հարկի համակարգը։
Հարկերը Հայաստանում – ավելացված արժեքի հարկ
Ավելացված արժեքի հարկը Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: ԱԱՀ-ի դրույքաչափը կազմում է 20 %, իսկ ԱԱՀ ներառող գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67 % դրույքաչափով։
Օրինակ․
Պատկերացրեք, որ հացթուխ եք և կարկանդակ եք պատրաստում։ Կարկանդակ թխելու համար անհրաժեշտ են բաղադրիչներ՝ ալյուր, շաքարավազ, կարագ և այլն։ Դուք այս բաղադրիչները գնում եք այլ մատակարարից: 100 միավորով ալյուր գնելիս այս գումարի մեջ արդեն ներառված է ԱԱՀ: Սա նշանակում է, որ Ձեր վճարած գումարի մի մասը գնում է բյուջե որպես հարկ:
Այժմ Դուք կարկանդակ եք թխել և որոշել եք վաճառել այն 150 միավորով։ Այս գինը ներառում է նաև ԱԱՀ։ Երբ հաճախորդը Ձեզանից կարկանդակ է գնում, այս 150 միավորի մի մասը կրկին գնում է պետությանը որպես հարկ։
Քանի որ Դուք վճարել եք ԱԱՀ, երբ գնել եք ալյուրը և այլ բաղադրիչները, կարող եք այս գումարը հաշվանցել (հանել) այն ԱԱՀ-ից, որը ստացել եք կարկանդակը վաճառելիս: Օրինակ, եթե Դուք ալյուրի համար վճարել եք 16,67 միավոր ԱԱՀ, իսկ կարկանդակ վաճառելով ստացել եք 25 միավոր ԱԱՀ, ապա վաճառքի ժամանակ վճարում եք 25-ի և 16,67-ի տարբերությունը՝ 8,33 միավոր։
Ահա թե ինչպես է աշխատում ԱԱՀ-ն։ Այն ավելացվում է յուրաքանչյուր փուլում՝ արտադրությունից մինչև վաճառք, և ի վերջո վճարվում է ապրանքի կամ ծառայության վերջնական գնորդի կողմից:
Հարկերը Հայաստանում – ակցիզային հարկ
Ակցիզային հարկով հարկվում են ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի արտադրանքի, քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի, նավթային և սեղմված բնական գազի ներմուծումը կամ վաճառքը։
Ակցիզային հարկը հաճախ սահմանվում է այն ապրանքների վրա, որոնք կարող են վնասակար լինել առողջության կամ շրջակա միջավայրի համար, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը և բենզինը: Ակցիզային հարկի նպատակն է նման ապրանքները թանկացնել, որպեսզի մարդիկ ավելի քիչ գնեն դրանցից կամ ավելի քիչ օգտագործեն։
Հարկերը Հայաստանում – շահութահարկ
Շահութահարկը Հարկային օրենսգրքի 104-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Շահութահարկ վճարող կազմակերպությունների հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 18 % դրույքաչափով՝ որոշակի բացառություններով (Հարկային օրենսգրքի հոդված 125)։ ԱԱՀ վճարող համարվող ԱՁ-ների համար շահութահարկի դրույքաչափը 23 % է։
Օրինակ․
Պատկերացրեք, որ Դուք խաղալիքների խանութի սեփականատեր եք։ Դուք խաղալիքներ եք գնում մատակարարներից և վաճառում դրանք Ձեր խանութում:
Եկամուտներ և ծախսեր.
– Դուք գնել եք 10 000 միավորի խաղալիքներ։
– Վաճառել եք 15 000 միավոր արժողությամբ խաղալիքներ։
– Ունեք նաև այլ ծախսեր՝ տարածքի վարձակալություն, աշխատողների աշխատավարձ, գովազդ և այլն։ Ենթադրենք, այս բոլոր ծախսերը կազմել են 3 000 միավոր։
Շահույթ․
Ձեր շահույթը պարզելու համար եկամտից հանում եք բոլոր ծախսերը: Մեր օրինակում դա կլինի այսպես.
Շահույթ = Եկամուտ − Ծախսեր = 15 000 − (10 000+3 000) = 2 000 միավոր
Շահութահարկ․
Պետությունն այդ շահույթի մի մասը վերցնում է շահութահարկի տեսքով․
Շահութահարկ = շահույթ × հարկի դրույքաչափ = 2 000 × 0,18 = 360 միավոր (կազմակերպությունների համար)
Շահութահարկ = շահույթ × հարկի դրույքաչափ = 2 000 × 0,23 = 460 միավոր (ԱԱՀ վճարող համարվող ԱՁ-ների համար)
Շահութահարկի վերաբերյալ Accountant.am կայքում հրապարակված հարցերին կարող եք ծանոթանալ այս հղումով…
Եկամտային հարկ
Եկամտային հարկը Հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Եկամտային հարկի դրույքաչափերը տարբեր եկամուտների համար տարբեր են։
Աշխատավարձի համար 2023թ․ հունվարի 1-ից գործում է եկամտային հարկի 20 % դրույքաչափը։ Հարկ է նշել, որ աշխատավարձի համար բացի եկամտային հարկից առաջանում է սոցիալական վճարի պարտավորություն, եթե անձը սոցիալական վճար կատարող է (1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց համար, կամ կամավոր հիմունքով), ինչպես նաև դրոշմանիշային վճարի պարտավորություն։
Վարձակալական վճարների համար սահմանված է 10 % եկամտային հարկի դրույքաչափ, շահաբաժինների համար՝ 5 %, գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով` 10 % (բացառությամբ կառուցապատողի կողմից անշարժ գույքի օտարման դեպքերի, որոնց համար եկամտային հարկի դրույքաչափը 20 % է)։ Համապատասխան փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների համար հարկային գործակալ հանդիսացող հարկ վճարողի համար առաջանում է եկամտային հարկի պարտավորություն 20 % դրույքաչափով։
Եկամտային հարկի վերաբերյալ Ձեր գիտելիքները կարող եք ստուգել այս հղումով…
Բնապահպանական հարկ
Բնապահպանական հարկի պարտավորություն առաջանում է շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեություն ծավալելու ժամանակ, օրինակ՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը կամ ջրային ռեսուրս վնասակար նյութերի արտահոսումը։
Ճանապարհային հարկ
Ճանապարհային հարկը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է:
Ճանապարհային հարկ վճարում են օտարերկրյա գրանցում ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները, ինչպես նաև ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրողները։
Անշարժ գույքի հարկ
Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է։
Փոխադրամիջոցների գույքահարկ
Փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է։
Հարկման հատուկ համակարգեր – միկրոձեռնարկատիրություն
Միկրոձեռնարկատիրությունը արտոնյալ համակարգ է, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից՝ որոշակի բացառություններով (Հարկային օրենսգրքի հոդվածներ 269)։ Բացի այն, որ կան սահմանափակումներ, թե որ գործունեությունները կարող են համարվել միկրոձեռնարկատիրություն (Հարկային օրենսգրքի հոդված 267), կա նաև սահմանված շեմ՝ 24 միլիոն դրամ, որը գերազանցելուն պես սուբյեկտը դադարում է համարվել միկրոձեռնարկատիրություն։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում անհրաժեշտ է 20-օրյա ժամկետում ներկայացնել կամ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դիմում։
Հարկման հատուկ համակարգեր – շրջանառության հարկ
Շրջանառության հարկը ավելացված արժեքի հարկին և շահութահարկին փոխարինող հարկ է։ Համարվում է, որ շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունը 40 % է, իսկ ԱԱՀ-ինը՝ 60 %։
Շրջանառության հարկի դեպքում էլ գործում են որոշակի սահմանափակումներ գործունեությունների մասով (Հարկային օրենսգրքի հոդված 254), ինչպես նաև 115 միլիոն դրամ շեմ, որը անվանում են նաև ԱԱՀ-ի շեմ։
Շրջանառության հարկի դրույքաչափերը տարբեր են՝ կախված գործունեության տեսակից։ Օրինակ, առևտրական գործունեությունից ստացված եկամուտները հարկվում են շրջանառության հարկի 5 % դրույքաչափով՝ հանած հիմնավորված ձեռքբերումների 4 %-ը։ Արտադրական գործունեության համար սահմանված է շրջանառության հարկի 3.5 % դրույքաչափ։ Հանրային սննդի գործունեության համար շրջանառության հարկը հաշվարկվում է եկամուտների 6 %-ից հանած հիմնավորված ձեռքբերումների 3 %-ը։ Ավելի մանրամասն շրջանառության հարկի դրույքաչափերի և շրջանառության հարկի հաշվարկի մասին կարող եք ծանոթանալ Հարկային օրենսգրքի հոդված 258-ում։
Այս հոդվածը պատրաստվել է՝ նպատակ ունենալով ընդհանուր պատկերացում կազմել ՀՀ-ում գործող հարկերի և հարկային համակարգերի վերաբերյալ։ Բոլոր հարկատեսակներն ունեն նրբություններ, այդ պատճառով կարևոր է գործունեություն սկսելուց առաջ խորհրդակցել հաշվապահի հետ։
Վերջին մեկնաբանություններ