Աղբյուր՝ © 168.am
“Հարկ վճարողների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում:
Վահագն Համբարձումյանն ասաց, որ փոփոխությունների ընթացքում միշտ էլ իդեալականի ակնկալիք է լինում, սակայն պետք է հաշվի առնել, որ այս փաստաթուղթը, որը կարգավորում է պետական բյուջեի, պետական մարմինների հարաբերությունները տնտեսվարող սուբյեկտների հետ, նաև հավասարակշռման խնդիր ունի. «Անկեղծ՝ ամենալավ տոկոսադրույքը զրո տոկոսն է, ամենալավ հարկն այն է, որը չենք վճարում: Բայց արդյոք դրանով մենք ավելի լուրջ խնդիր չե՞նք առաջացնում՝ մյուս կողմից ոչ պակաս կարևոր նշանակության՝ պետական եկամուտների խնդիրը»:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցչ Տերեսա Դաբանն ասաց, որ սա շատ կարևոր ու Հայաստանին խիստ անհրաժեշտ բարեփոխում է: Նրա խոսքով՝ առաջին պատճառն այն է, որ անկախացումից ի վեր Հայաստանն ընդունել է բազմաթիվ իրավական ակտեր, երբեմն դրանցում կան էական տարբերություններ, և կարիք կա դրանք ներդաշնակեցնելու: Բացի այդ՝ բարեփոխումը հետապնդում է այլ նպատակներ ևս՝ հարկահավաքումն ավելացնելու կարիքը, թափանցիկությունը բարձրացնելը և համակարգը միջազգային չափանիշներին առավել համահունչ և ավելի պարզ դարձնելը, Հայաստանի հարկային համակարգն առավել կանխատեսելի դարձնելը, ինչը շատ կարևոր է բիզնես հանրույթի համար. «Դա նշանակում է՝ իրավական ակտ ունենալ, որը, իհարկե, ժամանակի մեջ փոփոխությունների կենթարկվի, բայց միջնաժամկետ հատվածում գոնե որպես ամբողջական ակտ կպահպանվի, կշարունակի գործել, քանի որ, երբ իրավական ակտերը, հատկապես՝ հարկերի վերաբերյալ իրավական ակտերը, հաճախակի փոփոխվում են, դա անորոշություն է առաջացնում տնտեսվարողների համար, իսկ դա երկրի համար լավ չէ: Ի վերջո, սա նաև կօգնի համակարգը դարձնել ավելի արդար, արդարացի և բյուջեին երկրի համար ավելի շատ անհրաժեշտ ծախսեր կատարելու հնարավորություն կընձեռի»:
Փայլակ Թադևոսյանն ասաց, որ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներից մեկն այն էր, որ փոփոխությունները հաճախակի չեն լինի: «Եթե կառավարությունը ցանկություն ունի հաճախակի փոփոխություններ չանել, դրա համար պետք չէ օրենսգիրք ընդունել: Երաշխիքներ չկան, որ նոր օրենսգրքի դեպքում այդ փոփոխությունները նորից չեն լինի, որովհետև որևէ հակակշիռ չկա, նույն բանն անելու որևէ սահմանափակում չկա:
Նշվեց, որ ամենակարևոր հարցերից մեկը կանխատեսելիության հարցն է: Հիմնավորումների մեջ գրված է, որ օրենսգիրքը կապահովի երկարաժամկետ կանխատեսելիություն հարկ վճարողների համար: Բայց նորից ասեմ՝ հակակշիռներ չկան այդ կանխատեսելիությունն ու կայունությունը պահպանելու համար: Երբ բիզնեսմենը ներդրում է կատարում, պետք է համոզված լինի, որ դրույքաչափը, հարկման բազան, վարչարարության գործիքները ժամանակի մեջ չեն փոխվելու: Եթե նա գալիս, 10 տարվա համար ներդրում է անում, և 2 տարի հետո բազա է փոխվում, անունը դնում ենք, ասում ենք՝ դրույքաչափ չի փոխվում, բայց եթե բազաներ ես փոխում, ոչ մի տարբերություն չկա»,- ասաց նա՝ նշելով, որ գրված է նաև, որ Հարկային օրենսգիրքը ներդրումների խրախուսման նպատակ է հետապնդել, սակայն, եթե սկսում ենք հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, ինչպե՞ս կարող ենք ասել, թե ներդրումները խրախուսվում են: Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ օրենսգրքում դրական բաներ ևս կան:
Պատասխանելով հարցին՝ Վահագն Համբարձումյանն ասաց, որ օրենսգրքում միանշանակ կան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող դրույթներ, և որպես օրինակ՝ նշեց գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի անցում կատարելը. «Հարկ վճարողի՝ հարկային մարմնի աշխատակիցների հետ շփումը նվազեցվում է»:
Աղբյուր՝ © 168.am
Facebook մեկնաբանություններ